ԿԸՀ-ն մերժեց «Ժառանգության» պատգամավորության թեկնածուներին չգրանցելու՝ Կապանի կառույցի անդամների և համակիրների դիմումը: Հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց. «Կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի որոշման իրավաչափությունը որոշելու հարցը չի հանդիսանում ԿԸՀ իրավասության առարկա»:
Դիմումատուների կարծիքով, գալիք խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու որոշում կայացրած կուսակցության գործունեության ժամկետն ավարտվել է, ուստի «Ժառանգությունը» լեգիտիմ չէ: «Ժառանգության» կանոնադրության համաձայն, կուսակցության վարչությունն ընտրում է համագումարը, իսկ հերթական համագումարը հրավիրվում է ոչ ուշ, քան երկու տարին մեկ անգամ: «Ժառանգությունը», ըստ ԿԸՀ դիմում ներկայացրածների, համագումար է անցկացրել 2014 թվականի հունիսի 28-ին:
«Օհանյան - Րաֆֆի - Օսկանյան» դաշինքով ընտրություններին մասնակցելու մասին հայտարարությունը հարուցել էր «Ժառանգության» որոշ անդամների վրդովմունքը: Այդ պատճառով կուսակցությունը լքեց նաև ղեկավար անդամ Զարուհի Փոստանջյանը: